Այսօր՝ ապրիլի 12-ին, մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը, որը Հայաստանում նշվում է արդեն 20 տարի: Այս տարվա Ազգային գրադարանային շաբաթը, որ հոբելյանական է, մեր օրերին համահունչ կարգախոս ունի՝ «Գիրքը՝ բալասան»: Գրադարանային գործի բազմաթիվ մասնագետներ հավատացած են, որ գիրքը ամոքիչ է եղել հնուց, բոլոր դժվար ժամանակներում մարդը ապավինել է նաեւ գրքին, հավատացել նրա բովանդակության ուժին, որոշ գրքեր նույնիսկ բարձի տակ են դրվել… Գրադարանները, որտեղ պահվում են գրքերը, նույնպես մեծ դեր են ունեցել, շարժիչ ուժ են եղել հասարակությունների զարգացման, կրթման գործում:

