ՍԵՎԱԿ 100

Հունվարի 24-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառում։ Բանախոսներն էին Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանը և գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, գրադարանի ընթերցողներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։
Գ․ Մալումյանը ներկայացրեց հետաքրքիր դրվագներ Պարույր Սևակի կենսագրությունից։ Բանախոսի գեղեցիկ, պատկերավոր և կենդանի խոսքն ունկնդիրների առաջ վերստեղծեց Պարույր Սևակ-բանաստեղծի, մարդու և սիրահարի նկարագիրը։ Հընթացս ներկայացվում էր նաև Պ․ Սևակի բանաստեղծական ուղին։ Մեծ ունակությունների, համառության և աշխատասիրության օգնությամբ բանաստեղծը դեռ վաղ պատանեկության տարիներից ձեռք է բերել գիտելիքների մեծ պաշար, աստիճանաբար հղկել է բանաստեղծական պատկերամտածողությունը և դարձել հայ նորագույն գրականության խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Բանախոսը հակիրճ անդրադարձավ նաև Պ․ Սևակի ստեղծագործության քննադատական արձագանքներին։ Դրանց մի մասում առկա է տեքստի ճիշտ ընկալելիության խնդիր։ Կ․ Մանուչարյանն ամփոփ ներկայացրեց Պ․ Սևակի գրականագիտական ժառանգությունը։ Նա խոսեց «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում», «Սայաթ-Նովա», «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» և այլ աշխատությունների ու հոդվածներ մասին։ Բանախոսը կարևորեց Պ․Սևակ-հետազոտողի գրականագիտական սուր հոտառությունը, ճշգրտությունը, փաստարկների կառուցման բարձր մակարդակը և մեթոդական հետևողականությունը։
Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը պատմեց հետաքրքիր հուշեր Պ․ Սևակի մասին։
Միջոցառման ավարտին մասնակիցները բանախոսներին հղեցին տարբեր հարցեր՝ կապված Պ․ Սևակի կյանքի ու ստեղծագործության հետ։ Ծավալվեց հետաքրքիր քննարկում։