Հրանտ Մաթևոսյան 89

Փետրվարի տասներկուսին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր ՀԳՄ ԼՄ բաժանմունքը։ Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի նորանշանակ տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, ՀԳՄ ԼՄ բաժանմունքին և հույս հայտնեց, որ վերջինիս հետ համագործակցությունը կլինի շարունակական։
ՀԳՄ ԼՄ բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Հ․ Մաթևոսյանի արձակի առանձնահատկությունների մասին՝ փաստելով, որ նրա երկերում տեղ գտած կենսափաստերը, հոգեբանական վերլուծության կերպն առանձին դեպքերում բավականին բանաստեղծական են։
ՎՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը ներկայացրեց Հ․ Մաթևոսյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, խոսեց մաթևոսյանական պատումի և կետադրության առանձնահատկությունների մասին։
ՎՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը պատմեց հետաքրքիր հուշեր Մաթևոսյան եղբայրների կյանքից։
Արձակագիր, բանաստեղծ Նարինե Կռոյանը փաստեց, որ արդի արձակը պետք է յուրացնի մաթևոսյանական առողջ ավանդները։
Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը խոսեց Հ․ Մաթևոսյանի ստեղծագործության տարածաժամանակային տիրույթի մասին՝ փաստելով, որ այն որքան տեղայնացված, նույնքան էլ համընդգրկուն և համամարդկային է։
Հ․ Մաթևոսյանի ստեղծագործություններից հատվածներ կարդացին ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը, Վանաձորի պոեզիայի թատրոնի սաներ Հրաչուհի Լոռեցյանը և Մանե Սահակյանը։ Գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը։