Ժան Գառզու (Զուլումյան Գառնիկ Հարությունի)

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ Գառզուի գործունեությանը։ Սա ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից երկրորդն էր։ Ներկաները դիտեցին Պարգև Մալայանի «Գառզու» փաստագրական ֆիլմը, որ ներկայացնում էր մեծ նկարչի կյանքի և ստեղծագործական գործունեության համառոտ նկարագիրը։

Հետաքրքիր էին հատկապես արվեստաբան Շահեն Խաչատրյանի մեկնաբանությունները։ Նրա վերլուծական խոսքն ամփոփ գաղափար հաղորդեց Գառզուի կտավների գաղափարական բովանդակության և պատկերային առանձնահատկությունների մասին։ Գառզուի ստեղծագործությունը ներդաշնակ է քսաներորդ դարի համաշխարհային արվեստի հիմնական միտումներին։ Միևնույն ժամանակ նա իր ժամանակաշրջանի ամենաինքնատիպ նկարիչներից է։
Միջոցառման ավարտին ներկաներն իրենց կարծիքներն արտահայտեցին Գառզուի արվեստի վերաբերյալ։ Ծավալվեց հետաքրքիր քննարկում։