Դեկտեմբերի 1-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված բանաստեղծ, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների Լոռու մարզային բաժանմունքի նախագահ , «Երկունք» եւ «Լոռու մարզ» թերթերի գլխավոր խմբագիր Մ. Միկոյանի 60-ամյակին: Հայկական ժողովրդական պարը մարմնավորեց Ս. Թեւոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Թ. Սիմոնյանը: Նույն քոլեջի դասախոս, գրադարանի աշխատակից Ա. Խառատյանը հոբելյարին նվիրեց աքրոստիքոս: Մ. Միկոյանի բանաստեղծություններից ասմունքեցին գրադարանի աշխատակիցներ Ա. Խառատյանը, Տ. Սարդարյանը, Հ. Գալստյանը: Մ. Միկոյանի ստեղծագործությունների վերաբերյալ վերլուծական խոսքով ելույթ ունեցան Մարգահովիտի «Զորավիգ» թերթի խմբագիր, գրադարանի աշխատակից Հ. Սարդարյանը, գրականագետ, գրադարանի աշխատակից Կ. Մանուչարյանը, շնորհավորանքի խոսքերով ելույթ ունեցան Գուգարաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Ս. Խալաթյանը, գրող, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Խ. Գասպարյանը: Ս. Խալաթյանը նշեց, որ Մ. Միկոյանը ծանրախոհ բանաստեղծ է, ով հոգեբանորեն է մոտենում ստեղծագործությանը: Խ. Գասպարյանի բնորոշմամբ՝ Մ. Միկոյանի պոեզիայում գործողությունը «ներկա շարունակական» է, այսինքն՝ ներկա անկատար, եւ որ հեղինակը գրել է վեռլիբրով, ազատ ոտանավորով:
Գրադարանի տնօրեն Կ. Հակոբյանը միջոցառման վերջում հյուրերին գեղեցիկ անակնկալ մատուցեց: