Օգոստոսի 5-ին Լոռու մարզային գրադարանի հերթական հյուրն էր սիրված արձակագիր, ժամանակակից գրող և բազմաթիվ բեսթսելերների հեղինակ Ռուբեն Եսայանը։
Միջոցառման առաջին հատվածում հեղինակին ուղղվեցին հետաքրքիր հարցեր, որոնց շնորհիվ ընթերցողների համար բացահայտվեցին ուշագրավ մանրամասներ՝ կապված նրա գրական նախասիրությունների, ստեղծագործական «աշխատանոցի» և ոգեշնչման աղբյուրների հետ։Արձակագիրը նշեց, որ ընթերցում է այնպիսի երկեր, որոնք օգնում են իրեն ստեղծագործական գործընթացում։ Այդ առումով հայ գրականությունն առանձնապես չի նպաստում իրեն, քանի որ ինքը ստեղծագործում է այնպիսի ժանրերում, որոնք հայ գրականության մեջ դեռևս տարածված չեն։ Խոսելով դասականների մասին՝ Ռուբեն Եսայանն առանձնակի հարգանքով հիշատակեց Հովհաննես Թումանյանի անունը՝ ընդգծելով, որ Ամենայն հայոց բանաստեղծն իր համար միշտ եղել է ոգեշնչման անսպառ աղբյուր։Երկրորդ հատվածում ընթերցողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու հեղինակին, ինչի արդյունքում ծավալվեց բովանդակալից քննարկում։ Զրույցը ծավալվեց գրողի սիրելի ֆիլմերի ու գրքերի, գրող-ընթերցող կապի, ֆիլմ-գրականություն փոխհարաբերությունների, ինչպես նաև արվեստի ոլորտում գովազդի նշանակության շուրջ։։Հանդիպման երրորդ փուլը բլից հարցերն էին, որոնք էլ ավելի աշխույժ ու դինամիկ դարձրին, իսկ հանդիպումն ամփոփվեց ջերմ, անկաշկանդ և մտերմիկ մթնոլորտում։
