Հանդիպում երիտասարդ արձակագիր Ջեսահի հետ Հունիսի 12-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից արձակագիր Ջեսահի հետ:
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Նա բացման խոսքում փաստեց, որ Ջեսահն առաջին իսկ վեպով հաստատագրել է իր ձեռագրի ինքնատիպությունը: Երիտասարդ արձակագիրը հնարավորինս խուսափում է ինքնակրկնություններից: Նրա գրքերից յուրաքանչյուրը բացում է մի նոր տարածություն: «Անանկենդան», «Ալ մոնումենտ կամ Մեծ մութը», «Սպանություն դրախտում» վեպերն աչքի են ընկնում պատումի տարբեր ձևերի հաջող համատեղումներով, ինքնատիպ լեզվամտածողությամբ, նուրբ հումորով, ինտերտեքստուալ հղումների առատությամբ, պատկերների կառուցիկությամբ ու թարմությամբ: Կարեն Մանուչարյանը փաստեց, որ Ջեսահը, ի տարբերություն շատ երիտասարդ արձակագիրների, ունի «ստեղծագործական բազմազանություն», յուրաքանչյուր նոր գրքում կառուցվածքային նոր հնարներ կիրառելու մեծ հմտություն: ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց «Սպանություն դրախտում» վեպի մասին: Նա փաստեց, որ անդրաշխարհի թեման բազմիցս դրսևորվել է համաշխարհային արվեստում, բայց Ջեսահը կարողացել է գտնել այդ թեմայի մատուցման նոր ձև: Այն երբեմն թողնում է անորոշության տպավորություն, որոշ տեսարաններ գուցե այդքան էլ ընդունելի չեն, բայց փաստ է, որ արձակագիրն ինքնատիպ մոտեցում է ցուցաբերել: Եվ դա ողջունելի է: Մ. Միկոյանը հույս հայտնեց, որ Ջեսահը հայ ժամանակակից գրականության համաբնագրում ունենալու է իր ուրույն տեղը: Կ. Մանուչարյանն անդրադարձավ Ջեսահի գրական մուտքին: «Անանկենդանը» սկիզբն էր, բայց այդ սկիզբն ուներ «նախասկիզբ»: Դա մի անհաջող վիպակ էր, որին անդրադարձել եք «Ալ մոնումենտ» վեպում,-նշեց նա և հարց հղեց հեղինակին,- այսօրվա հեռավորությունից ի՞նչ հայացքով եք նայում այդ վիպակին: Ո՞րն էր ձախողման պատճառը: Պատումի ճիշտ ձևեր գտնելու անկարողությու՞նն էր արդյոք»: «Հիմնական խնդիրը իմացություններիս պակասն էր,-պատասխանեց հեղինակը,- այդ վիպակի ձախողումից հետո բավականին երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, բայց ակտիվորեն ընթերցել եմ, ուսումնասիրել եմ համաշխարհային գրականությունը: Տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է աշխարհայացքս: Երբեմն չիմացությանդ պատճառով քո կիրառած ամենահասարակ հնարը համարում ես մեծ նորարարություն: Երբ ընդլայնվում են իմացություններդ, կարողանում ես ավելի սթափ հայացքով գնահատել հնարավորություններդ: Եվ ահա՛, տարիներ անց սկսեցի գրել «Անանկենդանը»: Վեպից մի հատված տպագրվեց «Գրեթերթում»: Այն բարձր գնահատեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, որը ժամանակին ամենախիստ քննադատության էր ենթարկել նշածս վիպակը»: «Երբևէ Ջեսահ գրողն ընթերցողի կողմից չհասկացված լինելու զգացողություն ունեցե՞լ է»,-հարցրեց Կ. Մանուչարյանը: «Ոչ: Եթե անգամ ընթերցողն արտահայտում է այնպիսի կարծիք, որը, թվում է, հեռու է իմ նախնական հղացումներից, սիրով ընդունում եմ: Ընթերցողն ազատ է իր մեկնաբանության մեջ».-պատասխանեց արձակագիրը: Կ. Մանուչարյանն անդրադարձավ նաև ձևի և բովանդակության հարաբերության հարցին: Ջեսահը նշեց, որ ստեղծագործելիս նախապես հղանում է բովանդակությունը, բայց հավասարապես կարևորում է նաև ձևը: Երբեմն տեքստի ինքնատիպությունը պայմանավորված է հենց ձևային ինքնատիպ լուծումներով: Ընթերցողները նույնպես հեղինակին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Դրանք վերաբերում էին ստեղծագործական գործընթացի աշխատանոցային մանրամասներին, հեղինակի ինքնատիպ կեղծանվանը, տեքստերի կառույցներին, լեզվական փորձարարություններին: Վերջիններիս շուրջ բավականին հետաքրքիր զրույց ծավալվեց: «Մինչև որտե՞ղ կարող են հասնել գրողի լեզվական փորձարարությունները»,-հարցրեց Կ. Մանուչարյանը: «Մինչև անգրագիտություն»,-պատասխանեց Ջեսահը: Նա փաստեց, որ «գրականության լեզու» և «գրական լեզու» հասկացությունները չեն համընկնում: Գրականության լեզուն շատ հաճախ կարող է չլինել գրական լեզու: Գրողը հաճախ փոխում է դիտանկյունները: Տեքստը ներկայացվում է տարբեր պատմողների տեսանկյուններից: Պատմողի անհատական բնութագրիչները, կրթամակարդակը, տարիքը, աշխարհայացքը ազդեցություն են թողնում նաև լեզվի վրա՝ պարտադրելով համապատասխան լեզվանյութ: Եվ դրա արդյունքում կարող են կիրառվել նաև լեզվական անգրագիտություններ, որոնք ինքնանպատակ չեն: Կ. Մանուչարյանը նշեց, որ «Սպանություն դրախտում» վեպն ունի երեք պատմող՝ հեղինակը, Նաիրին և Մելսը: Հեղինակի խոսքը գրական է: Նաիրիի՝ տասնվեցամյա աղջկա պատումը բնորոշվում է պատանեկան միամտությամբ, իսկ Մելսի խոսքում նկատվում են անգրագիտության դրսևորումներ: Սա նշանակում է, որ Ջեսահը՝ իբրև արձակագիր, կարողանում է ավելի քան հմտորեն կիրառել համապատասխան լեզվանյութը՝ այն դարձնելով կերպարի ինքնաչափման միջոցներից մեկը: Միջոցառման ընթացքում Ջեսահը հատուկ անդրադարձ կատարեց Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպին: Այն պատումի բազմազանության տեսանկյունից մի գերընդգրկուն հանրագիտարան է ցանկացած արձակագրի համար: Նա երիտասարդ արձակագիրներին խորհուրդ տվեց անպայման կարդալ այդ վեպը՝ հասկանալու համար պատումի տեխնիկական հնարավորությունների բազմազանությունը: Միջոցառման ավարտին Ջեսահը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին՝ ներկայության և քննարկմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը հույս հայտնեց, որ այս բնույթի հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական:
