Գրքի հնչյունները Վանաձորում

«Գրքի հնչյունները Վանաձորում»
(Գիրք նվիրելու օրվա տոնական միջոցառումն Արցախ պուրակում)


Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Վանաձորի Արցախ պուրակում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան։
Միջոցառումը կազմակերպել էր Լոռու մարզային գրադարանը, որն արդեն ավանդույթ կդարձնի այս նախաձեռնությունը` նպատակ ունենալով խթանել ընթերցանության մշակույթը։
Պուրակում տեղադրված բաց դարակները, որոնցում ամեն անցորդ կարող էր գտնել ու վերցնել գիրք, այս միջոցառման խորհրդանշական մասն էին կազմում։ Այդ կերպ գրադարանի նախաձեռնությունը ոչ միայն տարածում էր գրքի սերը, այլև հնարավորություն տալիս բոլորին անմիջապես հաղորդակից դառնալ գրականությանը։
Միջոցառումն իր բովանդակությամբ ու ծրագրով տպավորիչ էր. Վանաձորի թիվ ութ դպրոց, Վանաձորի թիվ երեք դպրոցների աշակերտները, Վանաձորի համար քսանութ դպրոցի «Նռնենի» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար` Արփինե Աղաբաբյան), Անահիտ Ստեփանյանը, Մանյա Վարդանյանը, Լուսինե Գյոզալյանը հանդես եկան Թումանյանի ստեղծագործությունների ասմունքներով, թատերական բեմադրություններով, պարային ու երաժշտական կատարումներով։
Լոռու մարզային գրադարանի այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիրքը հոգևոր լույսի աղբյուր է. այն կամուրջ է սերունդների միջև և անփոխարինելի ուղեկից յուրաքանչյուրի կյանքում։
Թող մեր օրերը միշտ լինեն լեցուն գրքերով, և յուրաքանչյուր գիրք գտնի իր ընթերցողին։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և գրքի սիրահարներին, որոնք դարձան այս գեղեցիկ օրվա մասնակիցները։