Դեկտեմբերի չորսին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Թվայնացում, արհեստական բանականություն, մեծ տվյալներ, գրադարանները XXI դարի մարտահրավերներին ընդառաջ» և «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական շտեմարանները» թեմաներով սեմինար։ Բանախոսները ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը և տնօրեն Մայա Գրիգորյանն էին։
Տիգրան Զարգարյանի բովանդակալից զեկուցումը բավականին արդիական էր և նվիրված էր XXI դարի գրադարանների առանձնահատկություններին։ Նա ընդգծեց այն փաստը, որ ժամանակակից գրադարանավարը պետք է գիտակցի շարունակական կրթության կարևորությունը, քանի որ տեխնիկական առաջընթացը կոտրել է գրադարանավարի մասին ձևավորված կարծրատիպային պատկերացումները։ Ժամանակակից գրադարանավարը պարտավոր է տիրապետել համակարգչային հմտություններին, օտար լեզուներին և յուրացնել միջազգային փորձը։
Բանախոսը համառոտ ակնարկով ներկայացրեց թվային գրադարանների ստեղծման պատմությունը՝ պայմանականորեն առաձնացնելով չորս փուլ։ Վերջին փուլը ներկայացնում է արհեստական բանականությունը, որի գործունեությունը գնալով ընդլայնվում է՝ ընդգրկելով նաև գրադարանային ոլորտը։ Այսօր արդեն իսկ «ռոբոտացվել» են մարդկային գործունեության շատ ոլորտներ։ Զարգացած երկրներում «ռոբոտային» տեխնոլոգիաները կիրառվում են նաև գրադարանային համակարգում․ շատ գործողություններ, որ նախկինում կատարում էր մարդը, այսօր իրագործվում են հատուկ ծրագրավորված ռոբոտների միջոցով։ Պարզ է, որ այս պայմաններում գրադարանավարի դերը նկատելիորեն փոխվում է, և այլևս անհնար է այն պատկերացնել նախորդ դարի գործառույթներով։
Մայա Գրիգորյանը հանգամանորեն խոսեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական շտեմարանների մասին, ներկայացրեց տարբեր շտեմարաններ, խոսեց թղթային և թվայնացված գրքերի մասին։ Նա ընդգծեց թվայնացված գրքի առավելությունը մեր ժամանակներում։ Եթե գեղարվեստական գրքի դեպքում գերադասելի է թղթային տարբերակը, ապա գիտական գրականություն ընթերցելիս շատ հաճախ ավելի հարմար է թվայնացված տարբերակը։ Դա հաստատվում է հատկապես գիտական հոդվածներ գրելիս, երբ պահանջվում է շատ արագ գտնել որևէ գիտական աղբյուր և տալ հղում։
Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց թվայնացման աշխատանքները ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում, խոսեց նաև ակադեմիկոսների մասին պատրաստվող տեսանյութերի շարքի մասին։