«Մի բուռ» ամենամյա փառատոն

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզային գրադարանում անցկացվեց «Մի բուռ աշուն» ամենամյա փառատոնը։ Փառատոնի բուն նպատակը մասնակից դպրոցների միջոցով միջմշակութային հաղորդակցման լավագույն ուղիների բացահայտումն է, մշակույթի հայապահպան դերի կարևորումը, մատաղ սերնդի մեջ մշակութային դաստիարակության ամրապնդումը և տարածումը։
Փառատոնի մեկնարկը տրվել է նոյեմբերի 20-ին։

Մասնակից դպրոցների ներկայությամբ ցուցադրվել է Փարաջանովին նվիրված «Մաեստրո» ֆիլմը, ինչպես նաև հագուստի մոդելավորող և դիզայներ Գոհար Ասատրյանը ներկայացրել է ազգային տարազներին և գորգանախշերին վերաբերող տեսանյութ, որի նպատակը հայկականությունը տարազային և ազգամիջյան մշակույթի մեջ տեսանելի դարձնելն էր։ Ծավալվել է առողջ բանավեճ-քննարկում։
«Մի բուռ աշուն» փառատոնին մասնակցում էին Վանաձորի թիվ ութ, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 (տնօրեն՝ Տաթևիկ Հովսեփյան), Գևորգ Չաուշի անվան թիվ 24 (տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Հեղնար Սարգսյան), Ս․ Խլղաթյանի անվան թիվ 18 (տնօրեն՝ Թագուհի Թադևոսյան) և Քարհանյան (տնօրեն՝ Տաթևիկ Բադալյան) դպրոցները։ Ժյուրիի անդամներն էին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ալավերդյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասան, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը, Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը, Վանաձորի Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանը, Լոռու մարզային գրադարան ՊՈԱԿ-ի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Գործում էին հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն սեղան», «Լավագույն բեմականացում», «Լավագույն մտահղացում», «Հանդիսատեսի համակրանք», «Բեմական արվեստ»։
Փառատոնը վարում էր գրադարանի աշխատակից Հասմիկ Մուկուչյանը։
Մասնակից դպրոցները հանդես եկան թատերային, պարային և երաժշտական համարներով։
Հասմիկ Մուկուչյանը հանդես եկավ երաժշտական կատարմամբ։
Էլֆիք Զոհրաբյանը բարձր գնահատեց բոլոր մասնակիցների ելույթները, կարևորեց գեղարվեստական համարների ազգային թեմատիկան։
Մասնակից դպրոցներից յուրաքանչյուրը հանդիսատեսին և ժյուրիին տպավորեց այս կամ այն հմտությամբ։ «Լավագույն մտահղացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց թիվ 8 դպրոցը, «Բեմական արվեստ» անվանակարգում՝ թիվ 23 դպրոցը, «Լավագույն սեղան» անվանակարգում՝ թիվ 24 դպրոցը, «Լավագույն բեմականացում» անվանակարգում՝ թիվ 18 դպրոցը, իսկ «Հանդիսատեսի համակրանքը» բաժին հասավ Քարհանյան դպրոցին։